Wednesday, February 12, 2014

,,Վարպետաց տուն,, մասնագիտական ուսուցման կենտրոնը Ճամբարակում

Օրերս ավարտվեց Հայկական Կարիտասի կողմից  ֆինանսավորված ,,Վարպետաց տուն,, մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծման պիլոտային ծրագիրը: Փայտի փորագրության, հելյունագործության և պոլիմերային կավի  դասարաններին մասնակցելու հնարավորություն ունեցան շուրջ 50 երեխաներ և երիտասարդներ սոցիալապես անապահով ընտանիքներից:

Երեխաները  և երիտասարդները ստացան այնպիսի մասնագիտություններ, որոնց շնորհիվ կարող են ինքնուրույն պատրաստել որակյալ, գեղեցիկ և պիտանի իրեր ինչպես  տնային օգտագործման, այնպես էլ վաճառելու համար, ինչը հնարավորություն կտա բարելավել նրանց  ընտանիքների սոցիալական վիճակը:

Ծրագիրը նաև  ինքնատիպ սոցիալական վերականգնման  նպատակ ուներ:  Մեկ դասարանում իրար հետ միասին սովորում էին  երեխաներ առանց որևէ խտրականության: Բացի մասնագիտությունիցն նրանք սովորեցին նաև կյանքի հմտություններ՝ փոխադարձ  հարգանք և հանդուրժողականություն:

,,Ինչ ափսոս, որ  դասերը ավարտվեցին.....բայց ես ուրախ եմ, որ արդեն ունեմ ընկերներ  և կարողանում եմ մայրիկիս համար տարբեր իրեր հելյունագործել,,- ասաց 14 տարեկան Մարիամիկը:

,, Թոռնիկս վազքով տուն ընկնելով ասաց. ,, Տատիկ, տատիկ,  տես ինչ եմ կարողացել պատրաստել փայտից, ես սա ինքս եմ փորագրել,,- պատմում էր  Նարեկի տատիկը: Իր խոսքերով, դա իր ամենաերջանիկ օրերից մեկն էր, քանի որ նա, բացի ուրախությունից,  թոռնիկի  աչքերում տեսավ  վստահություն և  համարձակություն: